Ջերմուկը ծվարել է անտառոտ լեռների գրկում, ծովի մակերևույթից 2080 մ. բարձրության վրա գտնվող ոչ մեծ սարահարթում, որը երկու մասի է բաժանվում Արփա գետի գեղատեսիլ կիրճով: Քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան մասում, Վայոց ձորի մարզում (պատմական Սյունիք նահանգի Վայոց Ձոր գավառի տարածքում): Բնակավայրը հիշատակվում է սկսած 13-րդ դարից` պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն Նահանգին Սիսական» աշխատության մեջ: Սակայն քաղաքի տարածքում գտնվող հին կիկլոպյան ամրոցի և 8-րդ դարի եկեղեցու ավերակներն ու մնացորդները խոսում են այն մասին, որ հանքային ջրերի ակունքների մոտ գտնվող Ջերմուկ բնակավայրը գոյություն է ունեցել շատ վաղուց: Ջերմուկի կազդուրիչ հանքային ջրերը դեռ շատ հնուց օգտագործվել են ինչպես հասարակ ժողովրդի, այնպես էլ Սյունաց Իշխանների կողմից` ամենատարբեր հիվանդությունների բուժման նպատակով: Չնայած պատմական հարուստ անցյալին, այսօրվա նոր քաղաքի հիմքը դրվել է միայն 1940 թվականին` առաջին առողջարանի կառուցման ավարտով: Հետագա տարիներին Ջերմուկը կառուցվել ու կառուցապատվել է, ստեղծվել են բոլոր հնարավորությունները ինչպես բնակչության, այնպես էլ հանգստացողների ակտիվ հանգստի, առողջության վերականգնման և զբոսաշրջության համար: Այժմ էլ քայլեր են ձեռնարկվում քաղաքի առողջարանային, զբոսաշրջային համալիրը հարստացնելու և շուրջտարյա գործունեությամբ ապահովելու ուղղությամբ:
Հրաշք ջրի հայտնաբերման մասին նույնիսկ լեգենդներ են հյուսվել: Վաղուց, շատ վաղուց, երբ մարդու ապրուստի հիմնական միջոցը որսորդությունն էր, այս կուսական անտառները լիքն էին ամենատարբեր որսատեսակներով: ԵՎ ահա, մի անգամ, փորձառու որսորդը նետահարում է երիտասարդ եղնիկին: Վիրավոր եղնիկը մեծ ճիգերով, վերջին ուժերը հավաքած, սկսում է փախչել: Որսորդը կրնկակոխ հետապնդւմ է նրան: Մի կերպ, ոտքերը հազիվ քարշ տալով, եղնիկը հասնում է Ջերմուկի հանքային աղբյուրներին, նետվում ջուրը և... այ քեզ հրաշք, ջրից դուրս է գալիս բոլորովին առողջ ու ապաքինված և անմիջապես անհետանում անտառի խորքը: Կյանքում ամեն ինչ տեսած փորձառու որսորդը ապշում է հասարակ ջրի կատարած հրաշքից, և այդ օրվանից տարածվում է «Ջերմուկ» ջրի համբավը աշխարհե-աշխարհ, իսկ հրաշք ջրի գաղտնիքը մարդկանց հասցրած եղնիկը դառնում է ժողովրդի սիրելին ու Ջերմուկի խորհրդանիշը: Լինել Ջերմուկում և չտեսնել Ջերմուկի մեծ ջրվեժը, նշանակում է` չլինել Ջերմուկում: Շուրջ 70 մետր բարձրությունից Արփայի կիրճը գահավիժող բնության այս հրաշքը, որ թափված վարսեր է հիշեցնում, ժողովուրդն անվանել է «Ջրահարսի վարսեր» և հյուսել իր մյուս լեգենդը: Շատ հնուց այսօրվա ջրվեժի տեղում, անդնդախոր ժայռերի ծերպին գտնվում էր իշխանի ամրոցը, որի գեղեցկուհի դուստրը կուսական բնության մի մասն էր կազմում: Իշխանուհու ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից, սակայն նա մերժում էր բոլորին, քանզի նրա սիրտը պատկանում էր հովվի երիտասարդ, քաջարի ու գեղեցիկ որդուն: Ամեն օր, կեսգիշերից հետո, ամրոցի իր ննջարանի լուսամուտից դեռատի իշխանուհին ձորն էր նետում երկար պարանի ծայրը, որով հովվի որդին խոր կիրճից բարձրանում էր սիրեցյալի մոտ: Սակայն իշխանը շուտով իմանալով այդ մասին` գազազում, փրփրում և անիծում է դստերը. եթե մեկ էլ հանդիպի հովվի որդուն, թող ջրահարս դառնա ու ջրից երբեք դուրս չգա: Սակայն դեռատի սիրահարներին ոչինչ չէր պահում հանդիպման գայթակղությունից, և, հերթական անգամ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, գեղեցկուհին պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար ու գեղեցիկ վարսերը: Սակայն նույն ակնթարթին կատարվում է հոր դաժան անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են հրաշագեղ մի ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:
Ջերմուկը ոչ միայն բազմաթիվ լեգենդների բնաշխարհ է, այլ նաև քաղաքում ու մերձակայքում սփռված բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով ու տեսարժան կառույցներով, արկածային տուրիզմի սիրահարներին ձգող բազմաթիվ անդնդախոր ձորերով ու բարձր ժայռերով, քարանձավներով ու որսատեղիներով (Արփա-Սևան թունել, Կեչուտի ջրամբար, Գնդևանք, Վարդանի քար, Գլաձորի միջնադարյան համալսարան, Նորավանքի համալիր և այլն) հարուստ մի բացօդյա թանգարան: Հատկապես գեղեցիկ է ջերմուկյան ձնառատ, փափուկ և արևոտ ձմեռը: Ձմեռային հանգստի, բուժման, մարզաձևերի համար բարենպաստ կլիմայական ու բնական պայմանների առկայությունը միշտ դեպի առողջարանային քաղաք է ձգել ձմեռային հանգստի սիրահարներին: